Մենք պետք է հասկանանք, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը հեշտ լուծում չի գտնի. Արա Այվազյան (տեսանյութ)
Այսօր մեզ համար առաջնային խնդիր է գերիների հարցը, վարչապետը եռակողմ հանդիպմանը հատուկ անդրադարձել է խնդրին, և մենք պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ խոսելով ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:
Նա նշեց, որ Արտաքին գործերի նախարարությունն այնպես է անում, որ այդ հարցը միշտ ուշադրության կենտրոնում լինի:
«Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն և զարգացում հաստատվի, սակայն, որպեսզի սա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտի ձևավորումը, և եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացյալ խնդիրների լուծումը մենք դժվարությամբ ենք պատկերացնում, որ կյանքի կկոչվեն»,- ասաց նա և առաջարկեց վստահել նախարարության ջանքերին:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ՀՀ որևէ պաշտոնյա չի կարող Արցախ գնալ, առանց նրա թույլտվության, նախարարը պատասխանեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ արգելք չի կարող հանդիսանալ, որպեսզի սահմանափակվեն Արցախ այցերը:
«Հրավիրում ենք Ադրբեջանին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հայտարարություններից, միասին աշխատել, սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման համար»,-ամփոփեց նա:










