ԱՀԿ միջազգային փորձագիտական խումբը ժամանել է Ուհան՝ ուսումնասիրելու COVID-19-ի ծագումը

09:50 • 14.01.21

ԱՀԿ միջազգային փորձագիտական խումբը, որը պետք է ուսումնասիրի COVID-19-ի ծագումը, հինգշաբթի ժամանել է Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ գրանցվել է հիվանդության առաջին բռնկումը 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Այս մասին տեղեկացնում է  CGTN հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները հայտնել էին, որ ԱՀԿ փորձագետները Սինգապուրից ժամանելու են Ուհան և կարանտին  են անցնելու, որը Չինաստանում տևում է առնվազն 14 օր:

CGTN-ի ուղիղ հեռարձակման կադրերից երևացել է, որ օդանավակայանի շենքի մոտ շտապօգնության մեքենաները և պաշտպանիչ կոստյումներով անձնակազմը սպասել են փորձագետներին:

Փորձագիտական խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Ճապոնիայից, Կատարից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիետնամից, Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից, Դանիայից և Ռուսաստանից: