Էստոնիայի խորհրդարանը որոշել է չանցկացնել ամուսնության մասին հանրաքվեն
Էստոնիայի խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ չի ընդունել ամուսնության մասին հանրաքվեի անցկացման կոալիցիայի կուսակցությունների առաջարկը, որի ընդունման դեպքում ամուսնությունը ամրագրվելու էր որպես միություն տղամարդու և կնոջ միջև: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Այդ նախաձեռնության օգտին քվեարկել էին 101 պատգամավորներից 26-ը, դեմ էին 49-ը: Քվեարկությանը չէր մասնակցել 25 պատգամավոր, իսկ 1-ը բացակա էր:
Նախագծով առաջարկվում էր ապրիլի 18-ին անցկացնել համաժողովրդական հարցում «Արդյո՞ք Էստոնիայում ամուսնությունը պետք է մնա որպես տղամարդու և կնոջ միջև միություն» թեմայով: Հանրաքվեի առաջարկն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն ավելի ուշ ընդդիմությունը հանրաքվեի նախագծում 10 հազար փոփոխություն էր ավելացրել, որոնք հիմնականում ուղղված էին քննարկումների ձգձմանն ու փաստաթղթի ընդունմանը խոչընդոտելուն:










