Գերմանիայում կորոնավիրուսից մահացության մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության մեկօրյա ամենամեծ ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ մեջբերելով երկրում հիվանդության վերահսկողությամբ զբաղվող Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները:
Հինգշաբթի Գերմանիայում հաղորդվել է վիրուսային հիվանդությունից մահվան 1244 դեպքի մասին, որը ռեկորդային ցուցանիշ է մեկ օրվա համար: Նախորդ ամենամեծ ցուցանիշը (1188) գրանցվել էր հունվարի 8-ին: Մահացության ընդհանուր ցուցանիշը եվրոպական երկրում հասել է 43 881-ի:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է «Քովիդ-19»-ով վարակման 25 164 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 1 978 590-ի:
Երկրի առողջապահության նախարար Ջենս Սփենը հայտարարել է, որ համավարակով պայմանավորված կարանտինը երկրում կերկարաձգվի մինչև փետրվար:
Գերմանիայում պատվաստման պետական ծրագրի շրջանակներում 750 000 մարդ արդեն պատվաստվել է:










