Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա է սպանվել. Военное Обозрение

14:48 • 14.01.21

Սիրիայում անհայտ անձանց կողմից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա  Ազադ Հասան Դահանը: Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գեներալը սպանվել է հունվարի 13-ին՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում, գրում է Военное Обозрение կայքը:

Տեղական մամուլը հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ջոկատի 47-րդ բրիգադը ղեկավարող գեներալը անհայտ անձանց կողմից սպանվել է Ալ-Բուկմալ քաղաքի տարածքում: Բացի այդ, սպանվել են նրա օգնականներից երկուսը, որոնք նույնպես մեքենայում էին: Հարձակումը տեղի է ունեցել Ալ-Բուկմալ շրջանում գտնվող իրանամետ ուժերի անցակետի մոտակայքում:

Որոշ լրատվամիջոցների վարկածով, բարձրաստիճան սպան սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման զինյալների ձեռքով:

Մեկ այլ վարկածի համաձայն, գեներալը զոհվել է ԻՀՊԿ-ի և իրանամետ զինված կազմավորումների լիակատար վերահսկողության տակ գտնվող տարածք ներթափանցած իսրայելական կամ ամերիկյան հատուկջոկատայինների գործողությունների հետևանքով:

Բուն Իրանում Դահանի սպանության փաստը չի հաստատվում, այստեղ նշում են, որ նա մահացել է կորոնավիրուսից: