Բայդենի երդմնակալության օրը Snapchat-ն ընդմիշտ կարգելափակի Թրամփի օգտահաշիվը
Snapchat սոցիալական ցանցն ընդմիշտ կարգելափակի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվն նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի խոսքերը:
«Հանուն հանրային անվտանգության, ինչպես նաև ապատեղեկատվության, ատելության խոսքի և բռնություն հրահրելու նրա փորձերը կանխելու համար, որոնք ակնհայտորեն խախտում են մեր սկզբունքները, մենք որոշում ենք կայացրել ընդմիշտ արգելափակել նրա հաշիվը», - ասել է ընկերության խոսնակը:
Նշվում է՝ օրերս ընկերությունը տեղեկացրել էր, որ անժամկետ սառեցրել է Թրամփի օգտահաշիվը Կապիտոլիումի վրա նրա աջակիցների կազմակերպած գրոհից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դոնալդ Թրամփի սոցցանցերի միկրոբլոգները արգելափակել են նաև Twitter-ը, Facebook-ը, Youtube-ը և Instagram-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 5 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:










