Սերբական դատարանը Գլխավոր շտաբի նախկին պետին մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

22:40 • 05.02.21

Բելգրադի Գերագույն դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել ԳՇ նախկին պետ Մոմչիլո Պերիշիչին՝ 2002 թվականին ԱՄՆ-ին պետական գաղտնիքներ հայտնելու համար: Այս մասին տեղեկացնում է Balkan Insight-ը:

Գործով անցնող ևս երկու ամբաստանյալ՝ փոխգնդապետ Միոդրագ Սեկուլիչը և քաղաքացիական անձ Վլադան Վլայկովիչը, դատապարտվել են յուրաքանչյուրը 1,5 տարվա ազատազրկման:

Գերագույն դատարանը հայտարարել է, որ Պերիշիչը դատապարտվել է լրտեսության համար, իսկ Սեկուլիչն ու Վլայկովիչը՝ ռազմական գաղտնիքները հրապարակելու համար: Դատավարությունն սկսվել է 2016 թվականին: Մոմչիլո Պերիշիչն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ձերբակալվել է 2002 թվականի մարտին Բելգրադի մերձակա հյուրանոցում, երբ հանդիպում էր ամերիկացի դիվանագետ Ջոն Դեյվիդ Նեյբորի հետ: Պերիշիչը նրան Խորվաթիայում և Բոսնիայում տեղի ունեցած մարտական գործողություններին բանակի մասնակցության վերաբերյալ փաստաթղթեր է տվել:

Երկուսն էլ ձերբակալվել էին, բայց Ջոն Նեյբորը արագ ազատ էր արձակվել, քանի որ նա ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն: ԱՄՆ-ն անմիջապես հերքել էր որևէ գաղտնի տվյալի փոխանցումը: