Վաղարշակ Հարությունյանը հերթական «ուսապարկն» է, խայտառակված գործիչ, նրանից պատասխաններ սպասել պետք չէ. Կարեն Վրթանեսյան

15:16 • 06.02.21

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից պետք չէ որևէ պատասխան սպասել: Tert.am-ի հետ զրույցում Կարեն Վրթանեսյանն ասաց, որ Վաղարշակ Հարությունյանին պետք է դիտարկել որպես հերթական «ուսապարկ», խայտառակված գործիչ:

-Պարո՛ն Վրթանեսյան, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չի ներկայացնում բանակին առնչվող, հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Խուսափում է խոսել անվտանգության հարցերից, գերիներից, բանակը վարկաբեկող հայտարարություններից: Նրա վարքագծի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

-Վաղարշակ Հարությունյանի արարքները պետք չէ քննարկել, այդ մարդը որևէ լուրջ բան չի անում, չի էլ կարող անել: Բավական է հիշել, որ համակարգից խայտառակ ձևով էր հեռացվել, կոչումազրկվել էր նույնիսկ, կոչումը վերականգնեցին միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ ու պարզ չէ, թե ինչու վերականգնեցին: Այսօր Վաղարշակ Հարությունյանը ի՞նչ կարող է անել Պաշտպանության նախարարությունում, շատ մեծ հարց է, որովհետև նա հեղինակազրկված, խայտառակված գործիչ է, ուժային կառույցներում նրան ոչ ոք չի հարգում և, եթե խոսենք հենց փաշինյանականների տերմիներով, հերթական «ուսապարկն» է, որին այդ պաշտոնում դրել են, որ աթոռը զբաղված լինի, պատահաբար ուրիշ մարդ չգա, մտածի ազատ է, նստի: Այսքանը, ինձ թվում է՝ Վաղարշակ Հարությունյանի արարքները լուրջ քննարկելը լուրջ չէ:

- Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանը համաձայնել են կազմալուծել ԱՀ ՊԲ-ն:

-Այդ տեղեկությունները հերքում են. ասում են՝ ՊԲ-ն չի կազմալուծվում, հետո էլ բայցեր են ներկայացնում, ասում են՝  լինելու է լրիվ պրոֆեսիոնալ բանակ, ստացվում է՝ ժամկետային զինծառայողներ այլևս չեն լինելու, ինչպես է համալրվելու, ներկա պահին անհասկանալի է: Խոսակցություն կա ծառայության ժամկետներ կրճատելու մասին և այլն: Եթե նայում ենք՝ ինչ է կատարվում, ՊԲ-ի կրճատումը անխուսափելի է: Գուցե մնա ՊԲ անվանումը, բայց լավագույն դեպքում լինելու են ոստիկանության ուժեր, այսօր նաև ՀՀ ԶՈՒ-ն է, ըստ էության, կանգնած կրճատման առաջ: Ռազմական ամբողջ ենթակառուցվածքը, որը պետք է վերականգնվի՝ սկսած զորամասերից, նոր դիրքերի ամրաշինական աշխատանքներից, գրեթե որևէ բան չի արվում, հաստատ ոչ այն ծավալով է արվում, որով հիմա պետք է արվեր ՀՀ-ն պաշտպանելու համար:

ՀՀ-ն այսօր անպաշտպանն է. մեր հույսը ռուսական զինված ուժերի ներկայության քաղաքական գործոնն է, որովհետև իրենց եղած քանակով չեն կարող ՀՀ-ն պաշտպանել: Բայց արդյոք մենք կարող ենք հույս դնել միայն այդ քաղաքական գործոնի վրա: Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները որոշել են ՀՀ-ն թողնել անպաշտպան, անվտանգությունը ապահովելու բեռը ինչ-որ մեկի վրա գցեն ՝ ընդ որում այսօր ՌԴ-ն է, վաղը կարող է լինել անգամ Թուրքիան:

-Այս իրավիճակում ի՞նչ պիտի անեն ռազմական գործիչները, սպաները, գեներալները: Շատերի մոտ զարմանք է առաջնում, թե ինչպես են զինված ուժերում այս ամենը հանդուրժում:

-Ես էլ եմ շատերից մեկը, ով զարմացած է, թե ինչպես է ԶՈՒ ղեկավարությունն այս իրավիճակը հանդուրժում: Ինչպես են հանդուրժում այն, որ իրենց հրամաններ տա մի մարդ, ով բանավոր հրահանգներ է ընդունում թշնամի երկրի ղեկավարից, մի երկրի, որը այսօր շարունակում է սպանել հայերին, շարունակում է գերիներ վերցնել: Նիկոլ Փաշինյանն անձամբ խոստովանել էր, որ բանավոր ըմբռնմամբ են հանձնում Սյունիքի դիրքերը:

- Այս դեպքում ԶՈւ-ում էլ չե՞ն դառնում հանցագործության կամ հանցավոր անգործության մասնակից:

-Պատասխանը Ձեր հարցի մեջ արդեն կա: Չգիտեմ՝ իրավաբանորեն ինչպես է, կամ գուցե այդ մարդիկ ինչ-որ արդարացումներ ունեն, բայց գոնե արտաքնապես Ձեր ասածը լուրջ հիմք ունի, տրամաբանական է՝ ի տարբերություն շատ ու շատ հայտարարությունների:

-Ինչպե՞ս կարելի է լռել, երբ անգամ ասում են՝ 30 տարի բանակ չենք ունեցել:

-Դե, էդ մարդիկ լռում են, ավելին՝ հետևում են, թե ինչպես են իշխանությունները կազմաքանդում անվտանգային համակարգը: Այսպիսի կորուստներից հետո պետությունը հսկայական միջոցներ պիտի հատկացներ բանակի վերականգմանը: Այսօր պետությունն անգամ չի հոգում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները, ինչը պարտավոր է անել օրենքով: Օրենքով հասանելի հատուցումները 2-3 ամսով ուշացնում են: Մարդիկ իրենց կյանքը զոհել են, իսկ իրենց հարազատների հավատը առ պետություն էս մարդիկ պարզապես ավերում են:

-Ջալալ Հարությունյանից և Դավիթ Տոնոյանից այլևս կարո՞ղ են ակնկալիքներ լինել՝ իրավիճակը ներկայացնելու հետ կապված, թե Ջալալ Հարությունյանն արդեն կաշկանդված է պաշտոնով, իսկ Դավիթ Տոնոյանն էլ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) առնչվող քրեական գործով:

-Դատելով Դավիթ Տոնոյանի հայտարարություններից՝ նա իրեն որևէ բանում մեղավոր չի զգում: Որևէ մեղքի զգացում ես չեմ նկատել իր հայտարարություններում՝ թե՛ նոյեմբերի 10-ի իր հարցազրույցում, թե՛ հունվարի 25-ի հարցազրույցում: Տպավորություն է, թե՝ ես հրաժարական եմ տվել, ինձանից էլ բան մի սպասեք: Գուցե սխալվում եմ, բայց այս պահին այսպիսի տպավորություն է, գուցե հետո խոսի: Եթե նկատել եք իշխանություններից և ոչ մեկն այս ամենի համար մեղավորություն չի զգում, հակառակը՝  վերջին օրերին արդեն ժրել են, նորից լկտի խոսում են, ինչպես անում էին վերջին 2,5 տարվա ընթացքում: Իրենց կարծիքով ՝արդեն վերջ, ջնջվեց, մոռացվեց պատերազմը, մոռացվեց հսկայական տարածքի կորուստը, 5 հազար զոհը, գերիները, անհետ կորածները: Իրենք այնպես են հոխորտում, կարծես 2018 թ․ մայիսն է, ոչ ոք չգիտի իրենցից ինչ են ներկայացնում, իրենց մաքրված են զգում, կարծես ժավելով մաքրել են և վերջ:

Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա ասեմ՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը թոշակի անցնելու պես մի բան է: Եթե նախկինում ռազմական տեսուչի պաշտոնը Պաշտպանության նախարարությունից, զինված ուժերից անկախ կառույց էր, որը իսկապես կարող էր տեսչական գործողություն իրականացնել, վերահսկել, հիմա այն տեղափոխվել է ՊՆ ենթակայության տակ, ինչպե՞ս է ենթական վերահսկելու իր ղեկավարին: Սա աբսուրդ է: Սա թոշակի անցնել կամ վճարովի արձակուրդ է Ջալալ Հարությունյանի համար, եթե նա համաձայնել է այդ պաշտոնը ստանձնել, նշանակում է՝ որևէ խնդիր ո՛չ ներկա իշխանության հետ է տեսնում, ո՛չ էլ պատերազմի ընթացքում իր դերի: Ես համոզված եմ՝ իրենք գիշերը շատ հանգիստ քնում են, ծնունդներ, քեֆեր են անում: Դրա օրինակներն ունենք, չանձնավորենք, բայց իրենց ծնունդներն են նշում գիշերային ակումբներում, քեֆեր, հարսանիքներ են անում: