Առաջարկվող տարբերակով ռեկտորների նշանակումը բացարձակ կապ չունի բուհական ինքնավարության հետ․ ռեկտորն անմիջապես կախված է լինում լիազոր մարմնից, դա ճնշման լծակ է․ Մենուա Սողոմոնյան
Երեկ Ազգային Ժողովում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որը հանձնաժողովին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Եթե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն ընդունվի, ԿԳՄՍ նախարարն է նշանակելու հայաստանյան բոլոր բուհերի ռեկտորներին: Երեկ հանձնաժողովը քննարկման արդյունքում եկավ եզրահանգման՝ առավելագույն ձայներ հավաքած երեք թեկնածուների անուններն ուղարկվում են նախարարին, իսկ դրանից հետո թեկնածուներից մեկին ռեկտոր է նշանակում ԿԳՄՍ նախարարը, այսինքն՝ վերջնարդյունքում ռեկտորին նշանակում է նախարարը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ և նախկին պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ նախարարի կողմից ռեկտորի նշանակմանը՝ մեկնաբանելով, որ նման հանրային կամ մասնագիտական պահանջ չի եղել:
«Ես որևիցե տեղից չեմ լսել, որ նման հանրային կամ մասնագիտական պահանջ ձևակերպվի, որ երեք՝ առավելագույն ձայն հավաքած թեկնածուները ներկայացվեն նախարարին: Գուցե երկու թեկնածու է լինում, կամ մեկ, ո՞րն է այդ դեպքում Հոգաբարձուների խորհրդի իմաստը: Նման կարգի որոշում կայացնելը կամ հարց առաջ բերելը, որ նախարարը նշանակի ռեկտորին, անիմաստ է դարձնում Հոգաբարձուների խորհուրդը, եթե այդպես է, թող այդ դեպքում ընդհանրապես խոստովանեն՝ հանում են այդ կառույցը, չնայած խնդիրներ կառաջանան «Հիմնադրամների մասին» օրենքի հետ կապված»,- ասաց Մենուա Սողոյանը:
Նրա հավաստմամբ՝ գործնականում անհնար է, որ նախարարը կարողանա նշանակել հանրապետության բոլոր բուհերի ռեկտորներին:
Եթե ռեկտորը պարզապես նշանակվում է նախարարի կողմից, դա խոսում է հետևյալի մասին՝ նախարարը միանձնյա հանրապետության բոլոր բուհերի զարգացման ուղղություններին տիրապետում է, տիրապետում է զարգացման ռազմավարություններին, առաքելություններին, տեսլականներին քաջածանոթ է այնքան, որ ինքն ինքնուրույն կարող է հասկանալ, թե ով կլինի յուրաքանչյուր բուհին համապատասխան լավագույն ռեկտորը: Գործնականում դա անհնար է և այսպիսի մոտեցումը վերահսկողություն իրականացնելու նպատակ հետապնդող քայլ է»,- մեկնաբանեց Մենուա Սողոմոնյանը:
Ըստ նրա՝ ռեկտորի նշանակումը բացարձակ կապ չունի բուհական ինքնավարության հետ։
«Երեկ Վահրամ Դումանյանը հայտնեց, որ ըստ նրա՝ պետք է լինի խորհրդի 9 անդամ, և բոլորն էլ կառավարության ներկայացուցիչներ, այսինքն՝ տարվում է այն գիծը, որ ռեկտորի նշանակումը բացարձակ կապ չունի բուհական ինքնավարության հետ, ես սա համարում եմ անընդունելի, քանի որ բուհի ռեկտորն անմիջապես կախված է լիազոր մարմնից և ցանկացած պահի կարող է նաև հետ կանչվել, և դա կարող է ճնշման լծակներ լինել»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Մենուա Սողոմոնյանի պնդմամբ օրենքը խախտում է բուհի ինքնավարությունը:
«Քաղաքական պաշտոնյան՝ տվյալ դեպքում նախարարը, նշանակում է բուհի կառավարիչ ռեկտորին՝ առանց հստակ իմանալու տվյալ բուհի ուղղությունները, զարգացման ծրագրերը և այլն, սա բուհի ինքնավարության կոպտագույն խախտում է, եթե բուհի ներքին համայնքի տեսակետը չի արտահայտվում իր գործադիր մարմնի ընտրության, նշանակման հարցում, ապա այստեղ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Սա մանիպուլյացիա է, մոլորություն է, որը գիտակցաբար արվում է լիազոր մարմնի կողմից »,- ասաց Մենուա Սողոմոնյանը:
Հիշեցնենք ՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը ընդգրկվել էր ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել, բայց մի շարք բուհեր՝ ներառյալ ԵՊՀ-ն և ԵՊԲՀ-ն, պահանջել են հետ կանչել օրենքի նախագիծը՝ որոշ կետեր անընդունելի համարելով:










