Դաղստանում ահաբեկչական կազմակերպության բջիջ է չեզոքացվել

13:33 • 06.02.21

Դաղստանում ձերբակալվել է դավադիր ահաբեկչական խմբավորման երկու անդամ, հանրապետությունում հայտնաբերվել է զենքի, պայթուցիկ նյութերի և զինամթերքի պահոց: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը, գրում է EurAsia Daily-ն:

«Փետրվարի 5-ին, Դաղստանի Դերբենտի շրջանում օպերատիվ-որոնողական համալիր միջոցառումների արդյունքում, Դաղստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սպաները, համագործակցելով հանրապետության ներքին գործերի նախարարության հետ, հայտնաբերել են դավադիր ահաբեկչական բջիջ՝ բաղկացած երկու հոգուց: Անձինք բերման են ենթարկվել: Առգրավվել է պահոցը, որում պահվել են պայթուցիկ սարքեր, զենք և զինամթերք», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկություններով՝ երկու իսլամիստները ծրագրել էին իրականացնել մի շարք ահաբեկչական հանցագործություններ, այդ թվում՝  իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակիչների սպանություններ:

«Ներկայում քննչական մարմինները որոշում են ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25-ին Մախաչկալայում ՌԴ ԱԴԾ-ն ՆԳՆ-ի հետ համատեղ ևս մեկ բջիջի չորս անդամների էին բերման ենթարկվել: Ձերբակալվածները նախատեսել էին պայթեցնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկը, որին պետք է հաջորդեր զինված հարձակումը հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա: