Մեր շուկան պետք է լինի աշխարհը, ոչ թե Հայաստանը․ Բեկոր Փափազյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

20:00 • 25.05.22

Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի հետ։

Անդրադառնալով ՀՀ տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա ՌԴ-ից և այլ երկրներից ժամանակ ՏՏ ոլորտի մեծաթիվ մասնագետների գործունեության ազդեցությանը և տեղական ու դրսից ժամանած կադրերի համակեցությանը, Բեկոր Փափազյանը նշեց․ «Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, որովհետև որակյալ ռեսուրս է գալիս Հայաստան։ Կարծում եմ` անհրաժեշտ է ընդլայնել մեր հայացքները և սկսել մտածել դրսից որակյալ մասնագետներ ներգրավելու մասին, որովհետև մասնագետների կարիքը շատ մեծ է։ Այս պահին շատ ընկերություններ ընդլայնման գործընթացի մեջ են, Թումոն ևս հաջորդ 1-2 տարվա ընթացքում կրկնապատկելու է իր աշխատակազմը։ Բացի դրանից մենք նոր կադրային բազմազանության կարիք ունենք, պետք է բացվել աշխարհի առաջ և դրսից կադրերի ներհոsքը լավ առիթ է»։

Խոսելով 2022-2033 թթ․ տեխնոլոգիական աշխատաշուկայում առկա մարտահրավերների և դրանց առկայության պատճառների մասին, Բեկոր Փափազյանն ընդգծեց․ «Մեր ամենամեծ մարտահրավերը աշխատուժն է և ստարթափեր ստեղծող նոր հիմնադիրների սակավությունը, որովհետև ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում, ներդրումային մեծ ֆոնդեր են առաջանում։ Երկարաժամկետ պլանով, երբ նայում ենք, հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր հնարավորություններ են առաջացել և առաջանալու, որոնք բաց ենք թողնում, իսկ դրա պատճառը համապատասխան պրոֆիլավորում ունեցող երիտասարդների սակավությունն է, մասնավորապես կարիք կա ինքնավստահ, թիմային աշխատանքի ունակություն ունեցող, ինքնուրույն սովորելու ունակություն ունեցող երիտասարդների»։

Հարցին՝ ՌԴ-ից Հայաստան ժամանած ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների առկայությունը ի՞նչ նոր հնարավորություններ կարող է ստեղծել տեխնոլոգիական աշխատաշուկայի համար, Բեկոր Փափազյանն ասաց․ «Նախ, եթե խոսում ենք այդ որակյալ ռեսուրսը Հայաստանում պահելու մասին, առաջին հերթին պետք է այնպես անել, որ հայկական բիզնեսը բացվի դեպի արտասահման, քանի որ մեր շուկան շատ փոքր է։ Ուստի այդ մասնագետների աճի լայն հնարավորություններ ստեղծելու համար մեր շուկան պետք է լինի աշխարհը և ոչ թե Հայաստանը։ Ռուսական շուկան բավականին մեծ է և մենք հնարավորություն ունենք հասանելի լինել այդ շուկայում։ Հայաստանում բավականին լավ հարկային արտոնություններ կան ռուսական կադրերին Հայասանում ներգրավվելու և պահելու առումով։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անհրաժեշտ որպեսզի ներդրողները սկսեն ներդրումներ կատարել ստարթափ էկոհամակարգերում, պետք է նշել, որ առաջին քայլը կրթության միջոցով որակյալ կադրերի պատրաստումն է»,- ասաց Բեկոր Փափազյանը։