ԱՄՆ Տեխաս նահանգում ավելի քան 40 միգրանտի դի է հայտնաբերվել բեռնատարում
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան-Անտոնիո քաղաքում ավելի քան 40 մարդու դի է հայտնաբերվել լքված բեռնատար կցանքի մեջ ու դրա շրջակայքում։ Ինչպես հաղորդում է NYT-ը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունիսի 27-ին։ Ենթադրվում է, որ զոհերը միգրանտներ են եղել։ Եվս 12 մարդ ողջ է հայտնաբերվել ու տեղափոխվել տեղի հիվանդանոց։
Բոլոր զոհերը փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Վարորդը լքել է մարդկանցով լի բեռնատարը երկաթուղային գծերից ու մեքենաների աղբանոցից ոչ հեռու։
Առայժմ պարզ չէ՝ ինչն է եղել միգրանտների մահվան պատճառը, սակայն Սան-Անտոնիոյում և Տեխասի այլ քաղաքներում հունիսին չափազանց շոգ էր, որը գրեթե հասնում էր ռեկորդային ցուցանիշի։
Ակնկալվում է, որ առաջիկայում հետաքննությունը կստանձնի Ներքին անվտանգության նախարարությունը։ Մաքսային ու սահմանային ծառայության ներկայացուցչի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել ազգային անվտանգության հետախուզական խումբը, սակայն այլ մանրամասներ չեն կարող հաղորդվել։










