«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում և երթը Երևանի կենտրոնում (տեսանյութ)

19:56 • 01.07.22

Այսօր, հուլիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Ելույթներ ունեցան ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Վարդեւանյանը, Տիգրան Աբրահամյանը, ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը, Քաշաթաղի Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը:

«Այսօր այս ազգային խայտառակություն համարվող իշխանությունները իրենց ընկալմամբ դարակազմիկ նիստ են հրավիրել և ինձ ու Իշխան Սաղաթելյանին պաշտոնից զրկել»,-հայտարարեց Վահե Հակոբյանը:

«Սա հարված էր խորհրդարանի մշակույթի վրա, բայց մենք որեւէ բան չունենք մտածելու, թող մտածեն Նիկոլը եւ իրեն գովաբանող թիմակիցները, միջազգային կառույցները, որոնք շարունակում են լուռ մնալ: Մենք մտածելու ոչինչ չունենք: Եթե կարծում են, թե այսպես կշեղեն, մեզ հետ կպահեն մեր օրակարգից, չարաչար սխալվում են: Մենք մեր պայքարը շարունակելու ենք, նման էժան քայլերով մեզ չեն կարող ցավեցնել»,- ասաց նա:

«Նոր պատերազմի մասին խոսում է մարդ, որն, ըստ Սահմանադրության ռազամական գործողությունների ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն է՝ իր տեսակով անպատասխանատու և խաբեբա, որը մեկ անգամ արդեն մեր ժողովրդին տարել է ողբերգության»,-  ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի հայտարարությունով շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, որպեսզի մեր երկիրը տանի նոր զիջումների ճանապարհով, ինչը տեսնում ենք և՛ Սյունիքի, և՛ Արցախի՝ Բերձորի հատվածներում։

Տիգրան Աբրահամյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին պաշտպանողներին․  «ՀՀ վարչապետը նոր պատերազմ է նախապատրաստում՝ տարածքային և մարդկային նոր կորուստներով։ Իսկ վերահաս պատերազմը կանխելու համար կա մեկ ճանապարհ։ Այս իշխանությանը դուրս շպրտելն է, այլ տարբերակ չկա», -ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ելույթ ունեցավ նաև Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը:

«Ինչ-որ մեկը պիտի որոշի մենք ուր ապրենք, ոնց ապրենք և այլն։ Այս զիջողական դիրքը, որն անընդհատ զիջում է հողեր, էդ մանդատը իրեն ոչ ոք չի տվել, մենք թույլ չենք տալիս, որ ինքը մեր ճակատագրով որոշումներ կայացնի։ Արցախի հողը համահայկական հող է, որը պատկանում է Հայաստանին, Արցախին, Սփյուռքին, դա չի կարող իր սեփականությունը լինել, Փաշինյանը իրա սեփականության վրա կարա որոշումներ կայացնել։ Արցախը կա ու կլինի ընդմիշտ», -ասաց նա:

 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․

«Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովվելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտե՞ղ են ստորագրվել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ»։

Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։

«Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը», – ասաց նա։

Այնուհետև հանրհավաքի մասնակիցները երթ անցկացրին, որից հետո Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվեց: