2020-ի նոյեմբերի 9-ին գծվեց իշխանություն-հասարակություն-Սահմանադրություն ջրբաժանը, անհաղթահարելի վիճակում ենք, ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ. Վարդևանյան

12:06 • 05.07.22

 

Իշխանությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկն այն էր, որ քանի որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր, փոխնախագահը՝ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորները՝ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, Հայաստանում ներդրումներ չեն գալիս: Այս մասին «Դիմադրության շարժման» ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այսինքն բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ մուտք էին գործում ՍԴ կայք, տեսնում էին ՍԴ կազմը, կառուցվածքը և հասկանում էին, որ ներդրումներ չեն ուզում անել: Դրանից հետո, երբ Հրայր Թովմասյանը տևական ժամանակ արդեն ՍԴ նախագահ չէ, մենք այդ ներդրումները չտեսանք: Բայց ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան: Այդ հայտարարությունից հետո չեք նկատե՞լ, որ բանկային համակարգում ինչ աշխուժություն կա, բոլորն իրար հերթ չտալով ուզում են գան, Հայաստանում ներդրումներ անեն: Իսկ եթե լուրջ, ապա մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ. 2020-ի նոյեմբերի 9-ից այլևս մի անհաղթահարելի իրավիճակում ենք»,- ասաց Վարդևանյանը

Ըստ նրա՝ դա այն օրն էր, երբ իշխանություն, հասարակություն, Սահմանադրություն ջրբաժան գծվեց:

«Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոստովանում է, որ աղետալի փաստաթուղթ է ստորագրել և դրանից րոպեներ անց ասում է՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Դրանից օրեր հետո նա ասում է՝ ես նայում եմ, տեսանյութեր կան մեր զինծառայողների սահմաններից, սպասում եմ իրենց Երևանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք: Ու այդ պայմաններում մենք խոսել Սահմանադրության մասի՞ն: Ես ուզում եմ հիշենք, թե 1995-ին ովքեր են մշակել Սահմանադրությունը՝ Վլադիմիր Նազարյան, Գագիկ Հարությունյան, Աահմանադրության իրավունքում անհերքելի հեղինակություն ունեցող մարդիկ: Իսկ հիմա ովքե՞ր են գրում Սահմանադրությունը: Այսօր մենք շատ հեռու ենք գնում Սահմանադրությունից»,- նշեց Վարդևանյանը: