Աղվան Հովսեփյանի նկատմամբ դատաբժշակական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել

15:32 • 07.07.22

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանկվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը եւ պարոն Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն»,- նշել է Ալեքսանյանը։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը 30.05.2022 թ-ից առ այսօր գտնվել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։

Պաշտպանական կողմը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․«Ի թիվս այլ հիվանդությունների՝ ախտորոշվել է շաքարային դիաբետ 2-րդ տիպ /ինսուլինակախյալ ֆազալ դեկոմպենսացված վիճակ/, դիաբետիկ միկրո-մակրոանգիոպաթիաներ, դիաբեիկ պոլինեյրոպաթիա։ Հատկանշական է, որ պարոն Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունն ընդգրկված է կալանքը և պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»:

Նշվածը հիմք ընդունելով պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ և կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում վերջինիս Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլև իր մեջ պարունակում է խոշտանգման տարր։

Հիշեցնենք, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։