Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ, բոլորիդ հրավիրում են հանրահավաքի․ Իշխան Սաղաթելյանի կոչը՝ Ստրասբուրգից (տեսանյութ)
Հասկանալի պատճառով մեր այսօրվա հանրահավաքին ներկա չեմ լինելու, բայց հանրահավաքը կայանալու է, մեր գործընկերները հանդես կգան օրակարգային մի շարք հարցերի շուրջ ելույթներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է «Դիմադրություն» շարժման առաջնորդ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ինչպես գիտեք՝ աշխատանքային այցով ժամանել եմ ԵԽ և ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ։ Հանդիպումներ եմ ունեցել ԵԽ փոխնախագահների հետ, Արցախի հետ բարեկամական խմբի համանախագահների հետ, Հարավային Կովկասում ԵԽ պատվիրակությունների ղեկավարների, Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ և այլն։ Հանդիպումների նպատակն էր նաև ներկայացնել «Դիմադրության» շարժման, խորհրդարանական ընդդիմության մոտեցումներն ու ծրագրերը Արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի անվտանգության մեր պատկերացումների, կարմիր գծերի և մեր ժողովրդի մոտեցումների մասին»,- հայտնեց Սաղաթելյանը։
Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները և խորհրդարանական դիվանագիտությունը պատշաճ կերպով չեն ներկայացրել և պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը դրսում։
Նշենք, որ հրապարակված տեսանյութին կից Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Բոլորիդ ժամը 19:30-ին հրավիրում եմ հանրահավաքի Ֆրանսիայի հրապարակում:
Հոգով, մտքով և սրտով ձեզ հետ եմ»։










