Ճապոնիայում խոստովանել են, որ նախկին վարչապետ Սինձո Աբեի անվտանգության ապահովման հետ կապված «խնդիրներ են եղել»

09:36 • 11.07.22

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի անվտանգության ապահովման հետ կապված «խնդիրներ են եղել», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Նման լուրջ միջադեպի կապակցությամբ մենք ընդունում ենք, որ ոչ միայն տեղում գործող ոստիկանության, այլև Ճապոնիայի Ոստիկանության վարչության մակարդակով խնդիրներ են եղել անվտանգության ապահովման հետ կապված», - նշել է Մացունոն։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է հուլիսի 8-ին մահափորձի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել Նարա քաղաքում քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։

Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։ 

Ոստիկանությունը հանցագործին ձերբակալել է դեպքի վայրում։ Ավելի ուշ ձերբակալված Տեցույա Յամագամին առաջին ցուցմունքն է տվել և հայտարարել, որ «դժգոհ էր նախկին վարչապետի վարած քաղաքականությունից» և «ուզում էր սպանել նրան»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողը 41 տարեկան է, նախկինում ծառայել է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում։