Շրի Լանկայում նախագահի ու վարչապետի նստավայրերը գրաված ցուցարարները համաձայնել են ազատել կառավարական շենքերը

11:53 • 14.07.22

Շրի Լանկայում նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները համաձայնել են ազատել նախագահի ու վարչապետի նստավայրերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Daily Mirror պարբերականին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ ցուցարարները «որոշել են իշխանություններին վերադարձնել կառավարական բոլոր շենքերը, այդ թվում՝ նախագահական առանձնատունը, նախագահի գրասենյակը և վարչապետի գրասենյակը»։

Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները հուլիսի 9-ին գրավել էին նախագահի ու վարչապետի նստավայրերը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում լքել կառավարական շենքերը, քանի դեռ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական չի տվել։

Եերկրում ստեղծված սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի և ամիսներ շարունակվող ցույցերի ֆոնին ակնկալվում էր, որ նախագահն իր հրաժարականի մասին կհայտարարի չորեքշաբթի, սակայն առայժմ նա որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։