Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Գրիգորյանի պաշտպան
Արմեն Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում էր իրականացվում։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց իրավապաշտան, Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը
«Շատերն են խոսում այն մասին, որ նա առողջական խնդիր ուներ։ Այո, այդպես էր։ Բայց Արմեն Գրիգորյանը ուներ նաև բարձր արժանապատվություն։ Երբ մենք խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ լսեք, ո՞վ է ձեզանից բժիշկը։ Նա բժշկական կրթություն ուներ։
Ասում էր՝ ես իմ բուժմամբ զբաղվում եմ։ Մեզ թույլ չտվեց այդպես էլ մինչև օրս դատարանի կամ որևէ այլ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին, ասում էր՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն առողջական խնդիրներ է առաջ բերում, որպեսզի պատասխան չտա, ես իմ ցանկացած խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ, քաղաքական հետապնդման եմ ենթարկվում և պատվով եմ տանելու այդ քաղաքական հետապնդումը։
Մինչև վերջ պատվով տարավ այդ խաչը»,- ասաց Մելիքյանը։
Նա նաև նշեց, որ թեև պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքներն ուղղել քրեակատարողական հիմնարկի ուղղությամբ, սակայն Գրիգորյանը ՔԿՀ-ում չի նեղվել։
«Այստեղ չեն խնդիրները, խնդիրները լրիվ այլ տեղում են։ Խնդիրն այն է, թե ինչու պետք է նա առհասարակ ՔԿՀ-ում հայտնվեր, ինչի համար են նստացրել, երբ են նստացրել, ովքեր են նստացրել, ում հրամանով են նստացրել։ Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել։
Մարդասպաններին մի ման եկեք այնտեղ, որտեղ չկան։ Խոսում են ՔԿՀ մասին և այլն։ Նրանց ման եկեք գրիչի հարվածները դնող քննիչների, դատախազների, դատավորների, նրանց պատվեր տվողների մեջ։ Նրանց ամենաբարձր պատվեր տվողների մեջ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։










