Կանադայում 28-ամյա տղամարդը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ․ կան զոհեր և վիրավորներ

08:58 • 26.07.22

Կանադական Վանկուվեր քաղաքի արվարձաններից մեկում անհայտ անձը կրակ է բացել անօթևան մարդկանց ուղղությամբ՝ սպանելով նրանցից երկուսին ու վիրավորելով ևս երկուսին։ Ինչպես հաղորդում է CBC-ն, տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Միջադեպը տեղի է ունեցել Բրիտանական Կոլումբիա նահանգի Լենգլի փոքրիկ քաղաքում։ Հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում նաև 28-ամյա հարձակվողը։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին չի հաջողվել համոզել տղամարդուն վայր դնել զենքն ու հանձնվել, ուստի հարձակվողը ոչնչացվել է։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ առաջին կրակոցը հնչել է կեսգիշերից քիչ անց, ինչի հետևանքով մի կին ծանր վիրավորում է ստացել։  Ժամը 3։40-ի սահմաններում հարձակվողը կրակել է մի տղամարդու ուղղությամբ՝ մահացու վիրավորում հասցնելով նրան։ Երկրորդ զոհը սպանվել է ժամը 5։03-ի սահմաններում, իսկ ժամը 5։45-ին ոստիկանները հայտնաբերել են ևս մի տղամարդու՝ ոտքի հատվածում հրազենային վնասվածքով։ Նույն ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին ու վնասազերծել նրան։

Հանցագործության վայրն այս պահին շրջափակված է։ Հարձակվողի դրդապատճառները պարզվում են։