Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա Ռուսաստանից մեր տարածքները հետ վերցնելն ավելի ու ավելի դժվար կլինի. Զելենսկու գրասենյակ

18:17 • 02.08.22

Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու ռազմի դաշտում. եթե պատերազմի ակտիվ ռազմական գործողությունները ձգձգվեն մինչև ձմեռ, տարածքների վերադարձը գնալով ավելի կդժվարանա։ Այս մասին, ինչպես նշում է news.liga.net-ը, ճապոնական NHK հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա ավելի ու ավելի դժվար կլինի վերադարձնել մեր տարածքները»,- ասել է Երմակը՝ հավելելով, որ նպատակը Ռուսաստանի գրաված տարածքների 100 տոկոսի ազատագրումն է։

Նրա խոսքով՝ Ուկրաինան և դաշնակիցները «քննարկումները կկենտրոնացնեն մինչև ձմեռ փակուղուց դուրս գալու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու վրա»: