Հարավային Կորեայի նախագահը չի ընդհատել իր արձակուրդը Նենսի Փելոսիի հետ հանդիպման համար

08:23 • 04.08.22

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պաշտոնական հանդիպում չի ունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որը Թայվան կատարած սկանդալային այցից հետո ժամանել է Սեուլ։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ ընդգծելով, որ պետության ղեկավարը նախատեսում է սահմանափակվել Փելոսիի հետ կայանալիք հեռախոսազրույցով։

Ինչպես հաղորդվում է, ներկա պահին Յուն Սոկ Յոլը հնգօրյա արձակուրդում է և չի պատրաստվում դադարեցնել այն՝ հանուն Նենսի Փելոսիի հետ հանդիպման։ 

Սեուլում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը պետք է բանակցություններ վարի Հարավային Կորեայի Ազգային Ժողովի իր գործընկերոջ՝ Կիմ Ջին Պյոյի հետ։ Միևնույն ժամանակ իր այցի շրջանակներում Փելոսին նախատեսում է այցելել նաև Պանմունջոմ գյուղ, որտեղ կնքվել է միջկորեական զինադադարի պայմանագիրը։

Փելոսին Սեուլ է ժամանել օգոստոսի 3-ին։ Հարավային Կորեան դարձել է նրա ասիական շրջագայության հաջորդ կանգառը Թայվան կատարած այցից հետո, որը սուր բողոքի ալիք է բարձրացրել Չինաստանում։