Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը վիրահատվել են, մի մասն էլ` տեղափոխվել Երևան

14:44 • 04.08.22

Վիրավորում ստացած զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել, մի քանիսը վիրահատվել են, մի քանիսին էլ Երևան են տեղափոխել։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արցախի առողջապահության նախարարության լրատվական բաժնից։

«Վիրավորների թիվը 19-ն է, նրանցից երկուսը ծանր վիճակում են, մեկ զինծառայողի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողների վիճակը միջին և թեթև ծանրության է»։

Լրատվական բաժնից փոխանցեցին, որ զինվորները հիմնականում ԱԹՍ–ի հարվածների հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք`օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։