Երգում էինք՝ Նորվե՛գիա, դո՛ւրս ՆԱՏՕ-ից. Ստոլտենբերգը «Հյուսիսատլանտյան դաշինքին դեմ լինելու» մասին ուշագրավ բացահայտում է արել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը երիտասարդ տարիներին հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքից թագավորության դուրս գալու օգտին: Այս մասին նա խոսել է հինգշաբթի՝ Ուտոյա կղզում ելույթ ունենալով Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի ամառային ճամբարի մասնակիցների առջև, գրում է ՏԱՍՍ-ը:
«1970-ականներին ես հավատում էի, որ Նորվեգիան պետք է որքան հնարավոր է շուտ դուրս գա ՆԱՏՕ-ից: Այն ժամանակ մենք երգում էինք՝ Նորվե՛գիա, Նորվե՛գիա, դո՛ւրս ՆԱՏՕ-ից»,- անկեղծորեն ասել է Ստոլտենբերգը:
Դաշինքի ղեկավարը բացատրել է, որ ավելի ուշ՝ 1980-ականներին, մտափոխվել է, սակայն հավելել է, որ «երբեք մտադրություն չի ունեցել» ղեկավարել հյուսիսատլանտյան կազմակերպությունը։ Ստոլտենբերգն ընդգծել է, որ ցանկանում էր զբաղվել սոցիալ-տնտեսական խնդիրներով ու վիճակագրությամբ, որպեսզի «մի օր դառնա երկրի Կենտրոնական բանկի ղեկավարը»։










