Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի, այդ թվում՝ 15 երեխա (լուսանկարներ)

21:44 • 07.08.22

Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարել է, որ առնվազն 36 մարդ է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, այդ թվում՝ տասնհինգ երեխա և չորս կին: Նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրվանից վիրավորվել է նաև 311 խաղաղ բնակիչ, գրում է aljazeera.com-ը:

Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը սկսել է «Արշալույս» գործողությունը Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին: Հաղորդվել է նաև «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատարներ Թայսիր ալ Ջաբարիի և Խալեդ Մանսուրի մահվան մասին։

Էսկալացիայի սկզբից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 580 հրթիռ, ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը։

«Հավանաբար, դրանք ավելի շատ կլինեն: Դրանցից 450-ը հարվածել են Իսրայելի տարածքին, 20 տոկոսը անհաջող արձակումներ են», - ասել է նա:

Նշվում է, որ «Երկաթ գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից որսված հրթիռների մասնաբաժինը մոտավորապես 97 տոկոս է։