Լաստանավային բեռնափոխադրման ծառայությունը մոտ օրերս կսկսի գործել․ Վահան Քերոբյան

12:51 • 11.08.22

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ-ից արտահանման և ներմուծման նպատակով լաստանավով բեռնափոխադրումներ իրականացնելու խոստմանը։

«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը։ Կարծում եմ, դա օրերի հարց է»,- ասաց Քերոբյանը։

Հարցին՝ Բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր հոլանդական ընկերությունը համաձայնե՞լ է  Հայաստանը ռուսական պատժամիջոցներից դուրս դիտարկել այս գործընթացում և շահագործման թույլտվություն տալ, Քերոբյանը նշեց, որ դա այնքան էլ հեշտ հարց չէ։

«Սպասենք 1-2 օր, մի քանի օր սպասենք, և վստահ եմ, որ արդյունքը կլինի, այն զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հուսով եմ, շատ շուտով իր արդյունքը կտա»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝  դիտարկվում է միայն Փոթիի նավահանգստով լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը։