Եվրոպայի գետերը չորանում են, գիտնականները նախազգուշացնում են վերջին 500 տարվա ընթացքում ամենածանր երաշտի մասին (տեսանյութ)

22:29 • 14.08.22

Ամբողջ Եվրոպայում երաշտը նվազեցնում է երբեմնի հզոր գետերը, ինչը պոտենցիալ կտրուկ հետևանքներ է ունենում արդյունաբերության, բեռնափոխադրումների, էներգիայի և սննդամթերքի արտադրության վրա:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ֆրանիսայի ամենաերկար Լուար գետն այժմ տեղ-տեղ կարելի է անցնել ոտքով: Պարբերականը նկատում է, որ Ֆրանսիայի ամենաերկար գետը երբեք այսքան դանդաղ չի հոսել:

Մինչդեռ Գերմանիայում Հռենոսն արագորեն անանցանելի է դառնում բեռնափոխադրումների համար: Իսկ Իտալիայում Պո գետը 2 մետրով ցածր է սովորականից, ինչի հետևանքով տուժել է բերքը: Սերբիան, Բուլղարիան և Ռումինիան ստիպված են ավելի խորը ջրանցքներ փորել Դանուբը գետի համար, որը ևս շատ կարևոր բեռնափոխադրումային ուղի է:

Կլիմայական փոփոխությունների հետևանքով անսովոր չոր ձմեռը և գարունը, որին հաջորդել են ամառվա ընթացքում ռեկորդային բարձր ջերմաստիճանները և չնահանջող շոգերը, թույլ չեն տվել Եվրոպայի հիմնական ջրային ուղիներին լիցքավորվել:

Քանի որ Արևմտյան, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում գրեթե երկու ամիս էական տեղումներ չեն գրանցվել և մոտ ապագայում չեն կանխատեսվում, օդերևութաբաններն ասում են, որ կարող է գրանցվել մայրցամաքի ամենավատ երաշտը վերջին ավելի քան 500 տարվա ընթացքում: