«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով կա 3 զոհ և 61 տուժած․ (տեսանյութեր, լրացվում է)

13:46 • 14.08.22

Լրացված. 22։18

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից հայտնաբերվեց ևս մեկ քաղաքացու դի։ Այս պահին զոհերի թիվը երեքն է, լուրը Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ ԱԻՆ-ից։
Մահացածը կին է։

Լրացված. 21:43

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի:

Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Լրացված․20։01

Փլատակների տակից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի։

Լրացված․18։30

«Սուրմալու»–ի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 57-ի․ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: 56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Լրացված․18։02

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։

ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 40-ը։

Լրացված․ 17։20

«Սուրմալու»–ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի․ հայտնում է առողջապահության նախարարությունը։

Լրացված․ 16։10

ԱԻՆ–ը լրացուցիչ հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն։

Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։

Լրացված․ 15։45

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում բժշկական կենտրոններում․ Առողջապահության նախարարությունը նրանց վիճակի մասին տվյալներ է հայտնում։

Լրացված․ 14։50

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և քսան տուժած։ Հայտնում է ԱԻՆ–ը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Լրացված․ 14։50

ԱԻՆ–ը  լրացուցիչ հայտնում է, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։