Մենք մոտ ենք համաձայնության, եթե Իրանի կարմիր գծերն ու հիմնական շահերն ապահովվեն. Իրանի ԱԳՆ-ն՝ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների մասին

12:38 • 15.08.22

Վիեննայում միջուկային գործարքը վերակենդանացնելու բանակցությունների վերջին փուլում «հարաբերական առաջընթաց» է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Պատասխանելով Իրանի և G5-ի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ  Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) միջև հնարավոր գործարքի մասին հարցին՝ արտգործնախարարության խոսնակն իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է. «Մեր թիմը մասնակցել է Վիեննայում կայացած բանակցություններին լավ և կայուն համաձայնության հասնելու և Իրանի դեմ խիստ պատժամիջոցները չեղարկելու համար: Մենք կոշտ բանակցություններ ենք ունեցել, համեմատաբար առաջընթաց ենք գրանցել և առաջ ենք շարժվում»:

Խոսելով բանակցություններում հարաբերական առաջընթացի մասին՝ Քանանին նշել է, որ այդ հաջողությունները լիովին չեն բավարարել Իրանի օրինական պահանջները։

«Մենք հակառակ կողմից այլ ակնկալիքներ ունենք՝ ապահովելու Իսլամական Հանրապետության բոլոր շահերը»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ G5-ի մայրաքաղաքներում լրացուցիչ քննարկումներ են ընթանում, և վերջնական գործարքի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ են ակնկալվում:

Նրա խոսքով՝ Թեհրանում խորհրդակցություններ են անցկացվել ամենաբարձր մակարդակով։

«Մենք մոտ ենք համաձայնության, եթե Իրանի կարմիր գծերն ու հիմնական շահերն ապահովվեն»,- ընդգծել է նա։