Սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, այլ Պուտինինը. Գերմանիայի կանցլերը դեմ է ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքին

09:28 • 16.08.22

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի պաշտպանում ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը՝ նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «ռուս ժողովրդի պատերազմը» չեն։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Օսլոյում Սկանդինավյան խորհրդի նիստի շրջանակում համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կարծում եմ, որ սա ռուս ժողովրդի պատերազմը չէ, սա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի պատերազմն է, և մենք պետք է շատ հստակ լինենք այս հարցում»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման մասին հարցին։

Այսպիսով, Գերմանիայի կառավարության ղեկավարն անուղղակիորեն հաստատել է, որ Բեռլինը դեմ է բոլոր ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումներին։

Շոլցն օրերս ասել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, այլ ոչ թե սովորական քաղաքացիները։ Չորեքշաբթի Գերմանիայի կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյտը Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է, որ ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը, Բեռլինն այն ընդունել է ի գիտություն, բայց առայժմ չի պատրաստվում գնահատել հնարավոր արդյունքները։