Չինաստանը կմասնակցի Ռուսաստանի ամենախոշոր ցամաքային զորավարժություններին

16:54 • 17.08.22

Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը կմասնակցի «Վոստոկ-2022» խոշորագույն հրամանատարաշտաբային ցամաքային զորավարժություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի տարածքում։ 

Չինաստանի զինված ուժերի մասնակցությունը հաստատել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, համապատասխան հայտարարություն է հրապարակվել գերատեսչության պաշտոնական կայքում։

«Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը շուտով զինվորականների մի մասին կուղարկի Ռուսաստան՝ մասնակցելու «Վոստոկ-2022» զորավարժություններին։ Դրանց կմասնակցեն նաև Հնդկաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները», - ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ այս որոշումը կապված չէ ներկայիս լարված միջազգային և տարածաշրջանային իրավիճակի հետ։