Եվրոպան հուսախաբ է անում Ուկրաինային. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը եվրոպական երկրներին կոչ է արել Կիևին տալ պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ ամեն բան
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ հայտարարելով, որ Եվրոպան Ուկրաինային հուսախաբ է անում: Գործիչն այս մասին գրել է պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Եվրոպան հուսախաբ է անում Ուկրաինային: Հուլիսին եվրոպական վեց խոշորագույն երկրներից և ոչ մեկը նոր ռազմական պարտավորություններ չի ստանձնել։ Պատերազմի սկզբից ի վեր սա առաջին ամիսն էր, երբ նման բան է տեղի ունեցել:
Սա պետք է փոխվի: Եվրոպական երկրները պետք է կատարեն իրենց պարտականությունները և սկսեն պատրաստվել երկար պատերազմի։
Ուկրաինացիները պայքարում են մեր բոլորի համար, մենք պետք է նրանց տանք այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս պատերազմում հաղթելու համար», - գրել է Ռասմուսենը։
Այս գրառմանը կից նա հրապարակել է Politico հանդեսի հոդվածը, ըստ որի՝ եվրոպական տերությունները հուլիսին Ուկրաինային նոր ռազմական խոստումներ չեն տվել: Նշվում է, որ Եվրոպայի ռազմական աջակցությունն Ուկրաինային ապրիլից նվազում է, ըստ Կիլի ինստիտուտի տվյալների։










