Սկանդալային գրող Սալման Ռուշդիին դանակահարողը հերքել է կապն Իրանի հետ
Հադի Մաթարը, որն օրեր առաջ Նյու Յորքում հարձակվել և դանակահարել է «Սատանայական բանաստեղծություններ» հակաիսլամական վեպի գրող Սալման Ռուշդիին, հերքել է Իրանի հետ որևէ կապ: Այս մասին նա հայտարարել է բանտից The New York Post-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ ոստիկանությունը նույնպես հայտարարել էր, որ 24-ամյա Մաթարն այս հարձակման ժամանակ գործել է բոլորովին միայնակ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Մաթարը ծնվել է Կալիֆոռնիայում լիբանանցի ծնողների ընտանիքում, սակայն վերջերս տեղափոխվել է Նյու Ջերսի։
Դատախազի խոսքով՝ հարձակվողը դանակի 10 հարված է հասցրել Ռուշդիին՝ նպատակային և նախապես ծրագրված հարձակման ժամանակ։ Հադի Մաթարին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։
Օրերս Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է Իսլամական Հանրապետության հասցեին մեղադրանքները, որոնք հնչել են հնդկական ծագումով բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա կատարված մահափորձից հետո:
2012 թվականին իրանական կրոնական 15-Khordad հիմնադրամը գրողի սպանության համար 3,3 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել։ 1989 թվականին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խոմեյնին ֆեթվա էր հրապարակել՝ կոչ անելով սպանել պարոն Ռուշդիին:Այսպես, Իրանի պաշտոնյաներն ու հաստատությունները արձագանքել են Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրապարակմանը, որը նկարագրում է դրվագներ Մուհամեդ մարգարեի կյանքից, որոնք հակասում են մահմեդական սուրբ տեքստերին:
Վերը նկարագրված իրադարձությունների կապակցությամբ բրիտանական կառավարությունն իր պաշտպանության տակ էր վերցրել Ռուշդիին։ Նա բազմիցս հայտարարել է, որ չի փորձել իր ստեղծագործությամբ վիրավորել հավատացյալներին, իսկ վեպն ինքնին, որպես ամբողջության ստեղծագործական միավոր, չի կարող վիրավորել որևէ մեկի զգացմունքները։










