Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային չեն արտահանձնել քուրդ «ահաբեկիչներին»
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը շաբաթ հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս Անկարային չեն արտահանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված որևէ անձի, որի արտահանձնումը պահանջում է թուրքական կողմը։
«Մինչ օրս Շվեդիան և Ֆինլանդիան չեն արտահանձնել Թուրքիային ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված որևէ անձի։ Մենք թարմացրել ենք արտահանձնման մեր դիմումները, որոնք նախկինում մերժվել են։ Առայժմ դրանց ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չկա»,- նախարարի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների ստորագրած եռակողմ հուշագրում նշվում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը հանձնառու են օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում և չեն աջակցելու քրդական խմբերին, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական։ Բացի այդ, ՆԱՏՕ-ին ձգտող այս երկու երկրներն էլ կքննարկեն թուրքական կողմի խնդրանքները, որոնք վերաբերում են մի շարք քուրդ ակտիվիստների արտահանձնման։
Երկրները կստեղծեն հատուկ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրում ամրագրված պայմանավորվածությունների կատարումը։










