Եթե մի քիչ շատ է «Ֆինլանդիա» օղի խմել և պարել է, դրանում ոչ մի սարսափելի բան չկա. Լեհաստանի վարչապետը պաշտպանել է սկանդալի մեջ ներքաշված Ֆինլանդիայի վարչապետին (տեսանյութեր)

20:40 • 20.08.22

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին պաշտպանել է ակտիվ ժամանցի հետևանքով սկանդալի կիզակետում հայտնված Ֆինլանդիայի վարչապետին՝ ասելով, որ «շատ ուրախ է» տեսնելով, որ նա վայելում է ժամանցը, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Սաննա Մարինը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ սկանդալի մեջ է հայտնվել մասնավոր երեկույթի պատճառով: Ֆիննական լրատվամիջոցները տարածել են մասնավոր միջոցառումից տեսանյութ, որում 36-ամյա Մարինը երգում և պարում է այլ մարդկանց հետ։

Մորավեցկին, ի պաշտպանություն Մարինին, ասել է, որ նա լավ պատճառներ ունի տնից դուրս գալու և տոնելու համար, քանի որ իր երկիրը միանում է ՆԱՏՕ-ին:

«Վարչապետն ուրախանալու պատճառ ունի, քանի որ Ֆինլանդիան միացել է ՆԱՏՕ-ին»,- ասել է Մատեուշ Մորավիեցկին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով տեսանյութերի մասին հարցին։

«Այսպիսով, եթե այս առիթով Ֆինլանդիայի վարչապետը մի քիչ շատ է «Ֆինլանդիա» (օղի)  խմել և դրա արդյունքում պարել է, դրանում ոչ մի սարսափելի բան չկա», - ասել է Մորավեցկին:

Հիշեցնենք, որ Սաննա Մարինը հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է տեսանյութը:

«Ուզում եմ ցույց տալ, որ պաշտոնները զբաղեցնում են սովորական մարդիկ, որոնք սովորական կյանքով են ապրում: Ես ունեմ ընտանեկան կյանք, ունեմ աշխատանք և ունեմ ազատ ժամանակ, որն անցկացնում եմ ընկերների հետ: Մոտավորապես նույնքպես, որքան իմ տարիքի շատ մարդիկ»,- ասել է Մարինը:

Ենթադրություններն առ այն, որ խնջույքի ժամանակ թմրանյութ է օգտագործվել, 36-ամյա Մարին մեկնաբանել է այսպես. «Ես թմրանյութեր չեմ օգտագործել, ոչինչ, բացի ալկոհոլից: Ես պարում էի, երգում, զվարճանում, անում էի լիովին օրինական բաներ: Ես նաև չեմ տեսել, որ ուրիշներն այդպես վարվեն(օգտագործեն թմրանյութեր)»:

Տեսանյութում նշվում է «jauhojengi» բառը։ Առօրյա լեզվով բառը երբեմն վերաբերում է թմրամիջոցներին: Մարինն ասել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։

Վարչապետն իր վարքագիծը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում: Բացի այդ, նա բազմիցս ընդգծել է, որ ցանկանում է «ընդլայնել» վարչապետի ինստիտուտի շրջանակը:

36-ամյա վարչապետը, որն ամուսնացած է և երեխա ունի, ավելացրել է, որ «ոչ մի անպատշաճ բան» չկա այն տեսահոլովակում, որտեղ երևում է, որ նա պարում է  փոփ երգիչ Օլավի Ուուսիվիրտի հետ առավոտյան ժամը 4-ին Հելսինկիի Klubi գիշերային ակումբում, և ասել է, որ իր միակ ափսոսանքն այն է, որ «մասնավոր» տեսանյութերը դարձել են հանրային սեփականություն:

Մարինն ասել է, որ նա նաև թմրանյութերի թեստ է հանձնել՝ ապացուցելու իր անմեղությունը: