Ասադը Պուտինին հաղթանակ է մաղթել Ուկրաինայի պատերազմում

17:05 • 23.08.22

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը հաստատել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է սիրիական արաբական SANA լրատվական գործակալությունը։

Միկդադը նաև ասել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա  դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, որոնց անկախությունը ճանաչվել է Դամասկոսի կողմից։   

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ֆեյսալ Միկդադն ասել է. «Սկզբում ես կցանկանայի փոխանցել նախագահ Բաշար ալ Ասադի անկեղծ ողջույնները նախագահ Վլադիմիր Պուտինին և հաղթանակի մաղթանքներն այն պատերազմում, որը Ռուսաստանը մղում է Ուկրաինայում՝ հանուն մարդկության իրավունքի և ապագայի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը դրան կհասնի»։

Սիրիական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունները շարունակաբար  առաջընթաց են գրանցում և թևակոխել են զարգացման նոր փուլ, որը միավորում է երկու երկրների ժողովուրդներին։

Ֆեյսալ Միքդադն ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում պայքարում է նացիզմի և ծայրահեղականության դեմ, ինչպես որ Սիրիան է պայքարում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ, այնպես էլ Դամասկոսը Մոսկվայի կողքին է նացիստական ուժերի դեմ իր արդար պատերազմում, որոնց դեմ պետք է պայքարի ողջ մարդկությունը: