Գերմանիան Ուկրաինային զենք չի մատակարարի Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար. Շոլց

10:16 • 26.08.22

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային զենք չի մատակարարի Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, քանի որ դա կարող է հրահրել հակամարտության սրումը։ Նրա խոսքով՝ Գերմանիան այս հարցում առաջնորդվում է իր դաշնակիցներով, գրում է kommersant.ru-ն։

«Մենք երբեք առանձին չենք գործի, մենք միշտ կենտրոնանում ենք այն ամենի վրա, ինչ անում են մեր դաշնակիցները: Եվ ես կարծում եմ, որ սա այն սկզբունքն է, որին հավատարիմ են մնացել բոլորը», - ասել է Շոլցը:

Միևնույն ժամանակ, ըստ կանցլերի, Ուկրաինային ֆինանսական աջակցությունը հակամարտության սրումը կանխելու միջոց է. ըստ կանցլերի՝ այս հակամարտությունը կարող է վերածվել ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատման, այլ «բոլորովին այլ պատերազմի»։

Հունիսի 1-ին Միացյալ Նահանգները 700 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային, որը ներառում է HIMARS համազարկային կրակի բազմակի արձակման կայանքներ: ԱՄՆ իշխանությունները այդ զենքերը մատակարարել են պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական զորքերը չեն օգտագործի այս հրթիռները ռուսական տարածքներում։