Միջադեպ եղել է, օգնություն է տրամադրվել 45-ամյա տղամարդու, նրա աչքերի մեջ դեղի հետքեր չեն եղել. Գյումրու շտապօգնության կայանի տնօրենը՝ պարեկների մասնակցությամբ միջադեպի մասին

14:47 • 29.08.22

 Լուսանկարը՝ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Քիչ առաջ համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գյումրիում քաղաքացու և պարեկների միջև միջադեպ է եղել, ինչի արդյունքում պարեկները ծեծել են քաղաքացուն, հատուկ միջոց կիրառել նրա նկատմամբ՝ դեղ լցնելով աչքերի մեջ։

Tert.am-ի հետ զրույցում Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն ասաց, որ միջադեպ իսկապես եղել է, ինչից հետո շտապօգնության կանչ է գրանցվել։

«Քաղաքացին 45-ամյա տղամարդ էր, ով գտնվում էր նյարդային, հուզական վիճակում, ունեցել է ուժեղ գլխացավով և ճնշման տատանում։ Նրան բժշկական օգնություն տրամադրվել է տեղում, քաղաքացու նկատմամբ բռնության, աչքերի մեջ դեղի հետքեր չեն եղել, համենայնդեպս հիվանդը ևս այդ մասին չի հայտարարել։ Քաղաքացուն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ստորագրությամբ հրաժարվել է»,- ասաց Արթուր Մանուկյանը։

Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ տեղյակ են հրապարակման մասին, դեպքը ուսումնասիրման փուլում է գտնվում։