Եթե քաղաքն աղտոտելու համար տուգանքը դարձնենք 200. 000 դրամ, կմտածեն՝ աղտոտե՞ն, թե՝ ոչ. Երևանի քաղաքապետ
Կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, ինչը Երևանում չի կիրառվում: Ըստ բեռի քանակի՝ դա արվում է միջպետական մայրուղիներում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Վերջինս նշեց, որ մարզերից Երևան մտնող բետոնախառնիչներն ու այլ բեռնատարները ճզմում են տաք ասֆալտը թեք հատվածներում:
«Առաջարկում եմ փորձենք լուծումներ գտնել Երեւան քաղաքում տեսչական մարմնի կողմից վերահսկելի դարձնելու համար։ Երեւան եկող ֆուռերը չեն կշռվում, մարզերից եկող մեքենաները, բետոնախառնիչները չեն կշռվում։ Մեկ ամիսը, կարծում եմ, բավական կլինի, որ փորձենք իրավաբանական առումով կարգավորել այդ հարցը, իրենց հույսին թողնելը, վստահ եմ, արդյունք չի տա»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց. «Այստեղ ստացվում է, որ մենք էդ թղթաբանության հարցն ենք լուծելու: Եթե վարորդները ճիշտ չվարեն, այս խնդիրն ունենալու ենք»:
Խոսելով վարորդների կողմից երթևեկելի հատվածի աղտոտման համար նախատեսված 30 հազար դրամի տուգանքի մասին՝ քաղաքապետը ասաց.
«Ես կարծում եմ, որ եթե այդ 30 հազարի փոխարեն 200 հազար լինի, այդ վարորդը, ենթադրում եմ, ամսական մի 200 հազար ստանալու է, ճի՞շտ է: Կարծում եմ՝ կմտածի՝ ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի»:










