ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի բերման ենթարկելու մասին Նախագահ Հարությունյանը տեղեկացված չի եղել:
«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
«Գեներալ Արզումանյանին Նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ: Ճիշտ է՝ բանակի հրամանատարությունը նա ստանձնել է պատերազմի ավարտից ընդամենը 12 օր առաջ, բայց գործադրել է մեծածավալ ջանքեր ռազմական գործողությունների արդյունավետ վարման ուղղությամբ:
Հուսով ենք, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կերպով կպարզվեն: Գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են Նախագահ Հարությունյանի ուշադրության կենտրոնում»,- նշել է Լ. Ավանեսյանը:
Նշենք, որ News.am-ի հաղորդմամբ՝ Արզումանյանին արդեն մեղադրանք է առաջադրվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք նաև, որ Politik.am-ը հայտնել էր, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Արցախից Երեւան գալու ճանապարհին։










