Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զենք վաճառել Թայվանին և հրաժարվել Թայպեյի հետ ռազմական շփումներից
Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում է դադարեցնել զենք վաճառել Թայվանին և հրաժարվել Թայպեյի հետ ռազմական շփումներից՝ տարածաշրջանում լարվածության հետագա աճից խուսափելու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է շուտով Կոնգրեսին խնդրել հավանություն տալ Թայվանին մոտ 1,1 միլիարդ դոլարի զենքի վաճառքին, ավելի վաղ հայտնել էր Politico-ն՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։
Ըստ աղբյուրի՝ խոսքը 60 AGM-84K Harpoon Block II հականավային հրթիռների և մոտ 100 AIM-9X Block II Sidewinder երկինք-երկինք դասի հրթիռների մասին է։
«ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքը լրջորեն խախտում է «Մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթները, խրախուսում է Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերին և սրում լարվածությունը Թայվանի նեղուցում», - ասել է դիվանագետը՝ ի պատասխան զենքի վաճառքի վերաբերյալ մեկնաբանությանը։
Միաժամանակ, Լյու Պենգյուն ընդգծել է, որ Չինաստանը «կշարունակի վճռական և արդյունավետ միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանության և անվտանգության շահերը ամուր պաշտպանելու համար»։
Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ Սա, բնականաբար, առաջացրել է պաշտոնական Պեկինի զայրույթը:Արդյունքում՝ կղզի այցելելը խթանել է Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլ։ Չինական բանակը զորավարժություններ է անցկացրել Թայվանի ափերի մոտ, բացի այդ, Պեկինը պատժամիջոցներ է կիրառել Փելոսիի, նրա հարազատների և թայվանական երկու հիմնադրամների նկատմամբ և այլ միջոցներ է ձեռնարկել։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Փելոսիի այցի բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը դրել է Վաշինգտոնի և Թայպեյի վրա։ Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը, այն համարում է իր նահանգը և կտրականապես դեմ է Թայպեյի և այլ երկրների պաշտոնյաների ու զինվորականների միջև ցանկացած շփումների։










