Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

15:59 • 30.08.22

Օգոստոսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս տեղեկությունը տարածել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և ԵՄ կազմակերպությամբ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգային հարցեր։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: