Չնայած համազգային պարետային ժամին, Իրաքում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 30-ի
Ըստ վերջին տվյալների՝ Բաղդադի Կանաչ գոտում Իրաքի անվտանգության ուժերի և իրաքցի շիա հոգևորական, քաղաքական գործիչ Մուկթադա աս Սադրի հետևորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 700-ը վիրավորվել է, հայտնում է Mehr գործակալությունը։
Հիշեցնենք, որ երկուշաբթի, երբ Մուկթադա աս Սադրը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, հարյուրավոր նրա կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի Կանաչ գոտի, որտեղ գտնվում են կառավարական շենքերը և օտարերկրյա դեսպանատները, շրջապատել են Հանրապետական պալատը և մտել շենք:
Իրաքի բանակի հրամանատարությունը երկուշաբթի պարետային ժամ է հայտարարել ամբողջ երկրում: Չնայած համազգային պարետային ժամին, բախումները շարունակվում են մայրաքաղաքում և Իրաքի մի շարք շրջաններում։
Իրաքի նախարարների կաբինետը փակել է կառավարական գրասենյակները՝ շարունակվող պարետային ժամի պատճառով, հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA):
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Բաղդադում բախումների կապակցությամբ և կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և հանգստություն պահպանել, հաղորդում է Al Jazeera-ն։
«Բոլոր դերակատարների համար կարևոր է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա բռնության», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
«Մենք կրկնում ենք, որ բոլոր օրենքները պետք է հարգվեն և հաստատությունների ամբողջականությունը պահպանվի։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն լարվածության թուլացման ուղղությամբ և քաղաքական երկխոսության մեջ մտնեն սահմանադրական շրջանակներում՝ որպես տարաձայնությունները լուծելու միակ միջոց»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանը փակել է Իրաքի հետ սահմանը հարևան երկրում քաղաքական անկարգությունների ֆոնին:
Ազդեցիկ շիա հոգևորական Մուկթադա աս Սադրը երկուշաբթի հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, մինչդեռ նրա կողմնակիցները շաբաթներ շարունակ բողոքում են Իրանի կաջակցությունը վայելող «Համակարգող կառույց» դաշինքի կողմից վարչապետի պաշտոնում Մուհամմեդ ալ Սուդանիի առաջադրման դեմ:
Չնայած վերջին խորհրդարանական ընտրություններում «Սադր» դաշինքը ստացել է ամենաշատ մանդատները, սակայն չի կարողացել կառավարություն ձևավորել:
Հուլիսի վերջին Բաղդադում վերսկսվել են Մուկթադա աս Սադրի կողմնակիցների բողոքի ցույցերը։ Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և ասել, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս Սադրը երկրի դատական համակարգին կոչ էր արել ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ նշանակել օրենսդիր մարմնի արտահերթ ընտրությունների օրը: Սակայն Իրաքի Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է։
Իրաքը քաղաքական ճգնաժամի մեջ է. դեռևս 2021 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական ուժերը չեն կարողացել ընտրել նոր նախագահ և կառավարություն ձևավորել։










