Իրաքի բանակը չեղարկել է ամբողջ երկրում հայտարարված պարետային ժամը. շիա մուսուլմանի առաջնորդն կողմնակիցներից պահանջել է 1 ժամվա ընթացքում հեռանալ Բաղդադի «կանաչ գոտու» տարածքից
Իրաքի բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը չեղարկել է նախօրեին ամբողջ երկրում հայտարարված պարետային ժամը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Al Jazeera-ն։
Բանակի հրամանատարությունը հայտարարել է մայրաքաղաք Բաղդադում և բոլոր նահանգներում պարետային ժամի վերացման մասին, ասվում է հաղորդագրությունում։
Նման որոշում է կայացվել Իրաքի շիա մուսուլմանի առաջնորդ իմամ Մուկթադա աս Սադրի ելույթից հետո, որում նա իր կողմնակիցներից պահանջել է մեկ ժամվա ընթացքում հեռանալ Բաղդադի «կանաչ գոտում» խորհրդարանի շենքին սահմանակից տարածքից։
Վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին բարձր է գնահատել Աս Սադրի կոչը՝ այն անվանելով «հայրենասիրության ամենաբարձր մակարդակ»: Իրաքի վարչապետի խոսքով՝ շիա իմամի ելույթը «բոլորի վրա է դնում բռնությանը վերջ տալու բարոյական և ազգային պատասխանատվությունը և հիմք է տալիս հնարավորինս շուտ ազգային երկխոսություն սկսելու համար»:
Ըստ վերջին տվյալների՝ Բաղդադի Կանաչ գոտում Իրաքի անվտանգության ուժերի և իրաքցի շիա հոգևորական, քաղաքական գործիչ Մուկթադա աս Սադրի հետևորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ, ևս 700-ը վիրավորվել է։
Հիշեցնենք, որ երկուշաբթի, երբ Մուկթադա աս Սադրը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, հարյուրավոր նրա կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի Կանաչ գոտի, որտեղ գտնվում են կառավարական շենքերը և օտարերկրյա դեսպանատները, շրջապատել են Հանրապետական պալատը և մտել շենք:
Ազդեցիկ շիա հոգևորական Մուկթադա աս Սադրը երկուշաբթի հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, մինչդեռ նրա կողմնակիցները շաբաթներ շարունակ բողոքում են Իրանի կաջակցությունը վայելող «Համակարգող կառույց» դաշինքի կողմից վարչապետի պաշտոնում Մուհամմեդ ալ Սուդանիի առաջադրման դեմ:
Չնայած վերջին խորհրդարանական ընտրություններում «Սադր» դաշինքը ստացել է ամենաշատ մանդատները, սակայն չի կարողացել կառավարություն ձևավորել:
Հուլիսի վերջին Բաղդադում վերսկսվել են Մուկթադա աս Սադրի կողմնակիցների բողոքի ցույցերը։ Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և ասել, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս Սադրը երկրի դատական համակարգին կոչ էր արել ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ նշանակել օրենսդիր մարմնի արտահերթ ընտրությունների օրը: Սակայն Իրաքի Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է։
Իրաքը քաղաքական ճգնաժամի մեջ է. դեռևս 2021 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական ուժերը չեն կարողացել ընտրել նոր նախագահ և կառավարություն ձևավորել։










