Էրդողանը մեղադրել է Հունաստանին տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար
Էգեյան ծովում թուրքական կործանիչների դեմ Հունաստանի իրականացրած գործողությունները սադրանք են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շեշտելով, որ Աթենքն իբր փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ այդ հարցում Հունաստանին օգնում է ՆԱՏՕ-ն։
«Մենք քաջ գիտակցում ենք Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի իրավունքները ոտնահարելու փորձերի իրական պատճառները: Մենք նաև տեղյակ ենք այն ուժերի և շրջանակների նպատակներից, որոնք այսօր անվճար զինում են ահաբեկիչներին Թուրքիայի սահմանների մոտ, մինչդեռ ժամանակին հրաժարվել են գումարի դիմաց զենք փոխանցել Անկարային»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահը սադրանք է որակել Էգեյան ծովում թուրքական օդուժի դեմ Հունաստանի գործողությունները՝ կարծիք հայտնելով, որ դա «տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու ծրագրի մի մասն է» կազմում։
«Մենք նաև տեսնում ենք, թե ում է այսօր օգնում ՆԱՏՕ-ն, որտեղ ժամանակին պատշաճ աջակցություն չցուցաբերվեց Թուրքիային ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների ֆոնին»,- հավելել է նա և ընդգծել, որ Անկարան զարգացնելու է իր սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ ի պատասխան պետության անվտանգությանը սպառնացող վտանգներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Հունաստանին մեղադրել է հետախուզական առաքելություն իրականացնող թուրքական կործանիչների ուղղությամբ ռուսական С-300 համակարգերից հրթիռներ արձակելու համար։
Ինչպես տեղեկացնում է CNN Türk-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
«Թուրքական հերթապահող ինքնաթիռները Հունաստանի կողմից հարձակման են ենթարկվել Կրետե կղզում տեղակայված С-300 համակարգի հրթիռներով»,-ասել է աղբյուրը։
Նշվում է, որ թուրքական F-16 ինքնաթիռները«ցամաք-օդ» տեսակի հրթիռ են ֆիքսել Հռոդոս կղզուց դեպի արևմուտք՝ Էգեյան ծովում։










