Նենսի Փելոսին ժամանեց Երևան

19:27 • 17.09.22

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիիին տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց միջազգային օդանավակայանում:

Նրա ավտոշարասյունը քիչ առաջ դուրս եկավ «Զվարթնոց» օդանավակայանից։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունիցհայտնել էին, որ խոսնակ Փելոսիի օրակարգում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր փոխգործակցությունը, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։

Կոնգրեսական պատվիրակության սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցող այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերություններն ու ներկայիս անվտանգային իրավիճակը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին նաև հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։