Տպավորություն է, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց կյանքի կոչմանը, այլապես կրկին կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ. Աբրահամյան

11:15 • 18.09.22

Հետաքրքիր զուգադիպությամբ Ալիևն ու Էրդողանը, մեկ օրվա տարբերությամբ, խոսում են Հայաստանի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի ավարտի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իհարկե այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը չի շտապում հետ քաշել իր ռեզերվային ուժերը կամ ռեժիմի փոփոխություն անել մարտական բարձր պատրաստականության բերված զինված ուժերի հարցում։

Ավարտվել է՞ պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել։

Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։

Ամեն դեպքում «խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան նվազագույնը 2 խնդիր են լուծում՝ առաջինը, միջազգային հանրությանը ցույց տալիս, թե շահագրգիռ չեն պատերազմական գործողությունների վերսկսման համար, երկրորդ, «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարվածի անսպասելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։