Իտալիայում ծննդատանը նորածիններին սխալ ընտանիքների են տվել․ երեխաներից մեկն ու իր հարազատները պետությունից 1 մլն եվրո փոխհատուցում կստանան

12:44 • 20.09.22

Իտալական Ապուլյա շրջանի ծննդատան բուժքույրերի սխալի պատճառով, որոնք խառնել են նորածիններին, իշխանությունները ստիպված կլինեն վճարել մեկ միլիոն եվրո դատական տուգանք, հայտնում է la Repubblica-ն։

Դատարան է դիմել Կանոսա քաղաքի 33-ամյա բնակչուհի Անտոնալան, որը 2012 թվականին պատահաբար սոցիալական ցանցերում տեսել է իրեն նմանվող անծանոթ կանանց ու կասկածների մեջ ընկել: Նա առցանց կապվել է այդ կանանց հետ և պնդել, որ պետք է  ԴՆԹ թեստ անցկացնել:

Պարզվել է, որ հիվանդանոցի անձնակազմը սխալվել է և 1989 թվականին նորածին աղջիկներին տվել է սխալ ծնողների, ինչի հետևանքով երեխաները մեծացել են կենսաբանորեն օտար ընտանիքներում:

Հայցում դիմումատուն նշել է, որ հոգեբանական տրավմա է ստացել օտար ընտանիքում մեծանալիս. մայրը դստերը թողել է հոր մոտ, որը վատ է վարվել նրա հետ։ Աղջիկը՝ Անտոնելլան, երկար ժամանակ անցկացրել է մանկատանը, իսկ հետո խնամատար ընտանիքում։ Մյուս աղջիկը՝ Լորենան, ևս ծանր հարաբերություններ է ունեցել ընտանիքի հետ: Նրա գործով դատավարությունը դեռ ընթացքի մեջ է:

Դատական վեճը տևել է մի քանի տարի, նորածիններին խառնելու համար մեղադրվող կողմը փորձել է վիճարկել դատավճիռը՝ վկայակոչելով վաղեմության ժամկետը։Դատարանի որոշմամբ՝ Անտոնելան կստանա մոտ կես միլիոն եվրո, 215 հազար եվրո կվճարվի նրա կենսաբանական ծնողներին, 81 հազար եվրո՝ եղբորը՝ ընտանեկան կապերը կորցնելու համար։