Ուկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է Լավրովի՝ Զելենսկուն «շանորդի» անվանելուն

23:59 • 22.09.22

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան պատասխանել է ՌԴ դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին անպատշաճ արտահայտության համար, գրում է rbc.ua-ն։

Հիշեցնենք, որ Լավրովն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Արևմուտքը Զելենսկու նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է «նա, իհարկե, շանորդի է, բայց նա մեր շանորդին է» սկզբունքով:

Ավելի ուշ Կուլեբան ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ ասելով, որ նիստերի սենյակն իր գոյության ընթացքում բազմաթիվ բուռն քննարկումներ ու ճգնաժամեր է տեսել, սակայն «ռուս դիվանագետների այսօրվա ստերի ծավալն աննախադեպ է»։

«Իրականում, միակ բանը, որն արժանի է արձագանքի այսօրվա ռուսական ելույթում, այս ստերի ամբողջ հոսքից, անընդունելի ժարգոնն է, որն օգտագործել է Ռուսաստանի ներկայացուցիչն օտար երկրի նախագահի՝ Ուկրաինայի նախագահի հետ կապված», - ասել է Կուլեբան:

Բացի այդ, Կուլեբան ծաղրել է Լավրովին, որը հեռացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես ելույթն ավարտելուց հետո։

«Ես նկատել եմ, որ ռուս դիվանագետները փախչում են նույնքան վարպետորեն, որքան ռուս զինվորները»,- հավելել է նա։