Ճապոնիայի ԱԳՆ-ն ՌԴ-ից ներողություն է պահանջում
Ճապոնիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին և նրան բողոք հայտնել՝ Վլադիվոստոկում Ճապոնիայի հյուպատոս Մոտոկի Տացունորիին բերման ենթարկելու պատճառով։ Բացի այդ, Ճապոնիան իրավիճակի պատճառով պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական ներողություն խնդրել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին, գրում է vedomosti.ru-ն։
«Ռուսական կողմի գործողությունները Վիեննայի կոնվենցիայի խախտում են, և դա բացարձակապես անընդունելի է», - ասել է Հայաշին: Նա նաև հորդորել է ռուսական կողմին լրջորեն վերաբերվել Ճապոնիայի պահանջներին։
Հայաշիի խոսքով՝ Տացունորին չի կատարել գործողություններ, որոնք խախտել են օրենքը։ Միաժամանակ ռուսական կողմը դիվանագետին բերման ենթարկելու ժամանակ «հարկադրանքի միջոցներ է կիրառել», հավելել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը։
Հայաշին նշել է, որ հյուպատոսն արդեն ազատ է արձակվել։ Ավելի ուշ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտարարել է, որ Տացունորին կլքի Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 28-ը։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ բերման է ենթարկել Վլադիվոստոկում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսին, երբ նա գաղտնի տեղեկատվություն է ստացել վարձավճարով։ Խոսքը վերաբերում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից մեկի հետ Ռուսաստանի համագործակցության ներկա իրավիճակի, Պրիմորիեի երկրամասի տնտեսական իրավիճակի վրա Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականության ազդեցության մասին տեղեկություններ ստանալուն։
Դրանից հետո Տացունորին հայտարարվել է պերսոնա նոն գրատա, իսկ Ճապոնիան բողոքել է։ Նշվել է, որ հյուպատոսը կարտաքսվի Ռուսաստանից։ Ավելի ուշ Տացունորին իրեն մեղավոր է ճանաչել: ԱԴԾ-ն տեսանյութ է հրապարակել, որում հյուպատոսը դրականորեն պատասխանում է այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ խախտել է ռուսական օրենքը։










